ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
«Լոֆթ» կենտրոնը, հիմնվելով ոչ ֆորմալ կրթական եւ բազմաշերտ մշակութային իրադարձությունների ու նախագծերի հաջողության 6-ամյա պատմության վրա, եկել է եզրակացության, որ «մենթորական» ինստիտուտի ստեղծումն ու զարգացումը կարող է դառնալ մասնագիտական դաշտում կադրային քաղաքականության եթե ոչ առաջնային, ապա կարեւորագույն հարթակներից մեկը։
Հետազոտությունների եւ ուսումնասիրությունների ընթացքում պարզել ենք նաեւ, որ գիտելիքի եւ փորձի փոխանակման պատրաստ, կայացած պրոֆեսիոնալը (այսուհետ՝ մենթոր) պատրաստ է հաղորդակցվել այդ գիտելիքի եւ փորձի կարիքն զգացող եւ հստակ ակնկալիքներ ունեցող, բաց ճանապարհ դուրս եկած երիտասարդի հետ (այսուհետ՝ մենթի)։
«Իմ մենթոր» նախագծի հիմնական երկու գործող անձիք երկուսն են՝ Մենթին եւ Մենթորը։ Նախագծի հիմնական գործառույթը կայանում է վերոնշյալ երկուսին միավորելը, որը շոշափելի է դառնում նախագծի գործիքակազմի եւ ճկուն գործառույթների շնորհիվ։
Մի կողմից՝ մենթորը կատարում է պրոֆեսիոնալ ֆիլտրման գործընթաց, ում վստահվում են այնպիսի հարցեր, որոնք հասարակական ավանդական միջավայրում եւ ընտանիքում կարող են անպատասխան մնալ կամ ուղղորդվել խիստ սուբյեկտիվ կերպով, մեկ այլ իմաստով՝ մենթորը դառնում է երիտասարդի հենասյունը, ընկերը, առաջնորդը, ով ցանկացած պահի մեծ եւ փոքր խնդիրների առաջացման դեպքում փոխանցում է սեփական փորձի օրինակը եւ/կամ առաջարկում նոր լուծումներ՝ կախված իրավիճակից։ Նպատակի արդյունավետության հիմնական ցուցիչը մենթոր-մենթի հարաբերության արդյունքում կամ հետեւանքով առաջացած գործողությունն է, որին մղվում է մենթին։
Երկու կողմերի՝ պոտենցիալ մենթորի եւ պոտենցիալ մենթիի կապը ստեղծելու համար անհրաժեշտ ենք համարել իրագործել նախագիծ, որի գործիքակազմը եւ չափանիշները թույլ կտան դառնալ միջնորդող հարթակ նմանատիպ կապ ստեղծելու եւ մենթորական ինստիտուտը Հայաստանում սկզբնավորելու եւ ամուր հիմքեր ստեղծելու համար։
«Իմ մենթորը» նախագիծն ուղղված է նպաստելու քաղաքացիական հասարակության ձեւավորման՝ անհատի մտածողության դրական զարգացման վրա։ Նմանօրինակ նախագծի իրականացում մինչ այս Հայաստանում չի ձեռնարվկել։ Հաշվի առնելով կրթության դասական (ֆորմալ) ձեւերը եւ մեթոդները, ինչպես նաեւ ժամանակակից հայ երիտասարդության մտածողությանը նպաստող այլ մշակութային-կրթական կենտրոնների նախաձեռնությունները՝ առաջարկում ենք դիտարկել ազդեցության առումով բավականին արդյունավետ մենթորական այլընտրանքային մոդելի կիրառումը։
Հաշվի առնելով Հայաստանի հանրապետության երիտասարդության պոտենցիալը, ինչպես նաեւ համակարգելով եւ բանակցություններ վարելով ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչների, բարձրակարգ մասնագետների եւ առաջնորդների հետ, համոզվել ենք, որ մեկ ընդհանրական հարթակում եւ՛ պոտենցիալ մենթորը, եւ՛ մենթին պատրաստակամ են հնարավորինս մասնակցել մենթորական ինստիտուտի կայացմանը՝ նպաստելով առողջ, աստիճանական զարգացման մեր տեսլականին։
Մեկ տարվա ընթացքում մշակվել է «ԻՄ ՄԵՆԹՈՐ» նախագծի օնլայն հարթակի գործիքակազմը, ինչպես նաեւ նախագծի իրականացմանը նպաստող օֆլայն գործողությունների եւ իրադարձությունների համալիր հայեցակարգը, որի շնորհիվ հնարավոր կլինի պատկերացնել, թե ինչպես ենք Հայաստանում գործարկելու մենթորական ինստիտուտի՝ դեռեւս նախադեպը չունեցող ծրագրային ռազմավարությունը։